ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Լեռնային Ղարաբաղն անկախ հանրապետություն է։ Մենք պետք է այս մեկնակետից սկսենք մեր քաղաքականությունը»

«Լեռնային Ղարաբաղն անկախ հանրապետություն է։ Մենք պետք է այս մեկնակետից սկսենք մեր քաղաքականությունը»
11.08.2009 | 00:00

«ՀԵՏՈՆ ՀԵՏՈ ԿԵՐԵՎԱ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԸ
-Հայ-թուրքական հարաբերությունների ձևավորման ներկա փուլը ինչպե՞ս եք գնահատում: Չե՞ք կարծում, որ կամ տեղապտույտ է, կամ դադար, թեպետ երկու կողմերից ակտիվորեն ինչ-որ հայտարարություններ են արվում:
-Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ սկսելու նախապայման է տեսնում բարելավումը Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման առումով: Ակնհայտորեն, հայ-թուրքական հարաբերություններում երկու նախապայման կա. ԼՂ հարցի լուծումը, ավելի ստույգ` փուլային կարգով ազատագրված տարածքների վերադարձը, որից հետո կբացվի հայ թուրքական սահմանը, և երկրորդ` պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը ցեղասպանության խնդրի ուսումնասիրման համար: Ես երբեք չէի կարծում, որ ՀՀ-ն կարող է ունենալ մի նախագահ, որը կասկածի տակ դնի ցեղասպանության փաստը, երբ տասնյակ երկրների խորհրդարաններ դեռ 80-ական թթ. սկսած ու մեր օրերում ընդունել ու դատապարտել են: Համաձայնեք, որ ցեղասպանության հարցում ՀՀ որևէ նախագահ մենաշնորհ չի կարող ունենալ: Նա ներկայացնում է Հայաստանի քաղաքացիներին, իսկ ՀՀ քաղաքացիները հայության 20-30 տոկոսն են: Ցեղասպանությունը ողջ հայության խնդիրն է: Այսօր ՀՀ նախագահը չի կարող ամբողջ հայությունը ներկայացնել, ինչ-որ ժամանակ հետո գուցե այդպես լինի, բայց ոչ հիմա: Առավել ևս, որ երկրի ներսում էլ, երկրից դուրս էլ հայտնի է, որ հիմա ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողը նույնիսկ չի կարող լիիրավ ներկայացնել Հայաստանի քաղաքացիներին, որովհետև իրականում ժողովրդի մեծամասնությունը նրան չի ընտրել: Հայ-թուրքական սահմանի բացման ամբողջ խնդիրը կախված է նրանից, թե Թուրքիայի տեսակետից Ղարաբաղի հարցում ի՞նչ առաջընթաց կգրանցվի, Սերժ Սարգսյանը կանի՞ երկրորդ քայլը` ազատագրված տարածքների անհարկի վերադարձը, որը, իմ գնահատմամբ, դավաճանություն է:
-Անցյալ տարվա սեպտեմբերին հայ-թուրքական հարաբերություններում սկսվեց ֆուտբոլային փուլ, եթե ամեն ինչ այդպես էր, էլ ֆուտբոլն ինչների՞ս էր...
-ՀՀ նախագահն ունի լեգիտիմության խիստ պակաս, նրան պետք է գոնե մի տեղ իր խնդիրները լուծել: Ֆուտբոլային խաղը դիվանագիտության մեջ սկսելով` նա ուղղակի հայտարարեց, որ պատրաստ է այնպիսի հարցեր լուծել, որոնք որևէ մեկը չի կարող, ուստի շատ ավելի ճիշտ է, որ ինքը մնա ՀՀ նախագահ, այսինքն` դա ներքին խնդիրներն արտաքին խնդիրների հաշվին լուծելու փորձ է: ՈՒրիշ բացատրություն չկա, նա նաև ցույց տվեց, որ պատրաստ է Ղարաբաղի հարցում ցանկացած լուծման գնալ` ինչ իրենից պահանջվի: Այդ պահի դրությամբ գուցե իր համար արդարացված էր նման քայլը, իր մտածողությունը հուշում էր, որ այդպիսով հարցերը կլուծի` ժամանակ կշահի, հետոն հետո կերևա...
-Փաստորեն, դա ճիշտ քայլ էր, որովհետև եթե այդ մտադրությամբ էր արված, ճշգրիտ աշխատեց` հանուն արտաքին հարցերի լուծման ներքին խնդիրները մղվեցին երկրորդ պլան թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս ...
-Ո՞Ւմ համար էր ճիշտ, պետությա՞ն, երկրի՞, ժողովրդի՞: Եթե ՀՀ նախագահն այդ գնով իր անձնական իշխանության հարցերն է լուծում, մեկնաբանությունների կարիք կա՞:
-Այդուհանդերձ` խաղը շարունակվում է. ֆուտբոլային պատասխան հանդիպմանը ՀՀ նախագահը հայտարարել է, որ կգնա բաց սահմանի առկայությամբ, չե՞ք կարծում, որ դա, մեղմ ասած, ուլտիմատում է Թուրքիային:
-Ի վերջո, սրանք դիվանագիտական խաղեր են: Սահմանի բացման հարցի պատասխանը շատ վաղուց Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը տվել է` Լեռնային Ղարաբաղի հարցում առաջընթաց չգրանցվելու դեպքում սահմանի բացման մասին խոսք լինել չի կարող: Ակնհայտ է, չէ՞, որ Հայաստանի հետ կապված հարցերի լուծման մեջ Հայաստանը դերակատարում չունի:
-Այսինքն` Էրդողանն այդ պատասխանը տվել է ոչ այնքան Հայաստանին, որքան Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Եվրամիությանը, կընդունվի՞ այդպիսի պատասխանը:
-Ի սկզբանե Թուրքիան այդ դիրքորոշումն ուներ` Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման գործընթացում:
-Բայց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն մի տարի պնդում է, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացում նախապայմաններ չկան ու չեն կարող լինել:
-Դա թյուրիմացություն է, Թուրքիայի հետ բոլոր շփումներից երևում է, որ այդ նախապայմանները կան, և Թուրքիան չի փոխել իր տեսակետը: Դիվանագիտական քաղաքականություն է` ավելի շահեկան են ինչ-որ քննարկումներն ու բանակցությունները, քան դրանց բացակայությունը: Միջպետական շրջանակներում սա գերակշռող մոտեցում է` բանակցել տարիներ, տարիներ, տարիներ...
-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ բանակցում են, բանակցում են, բանակցում են... Առայսօր կոնկրետ արդյունք չունենք, Ադրբեջանն էլ պարբերաբար փորձում է հարցը դուրս բերել միջազգային այլ ատյաններ, օրինակ` ՄԱԿ, ԵԽԽՎ... Իսկ մենք հանաձայն ենք բանակցելուն։ Դա չի՞ նշանակում, որ այդ վիճակը մեզ ձեռնտու է, որովհետև մենք ունենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, և ինչքան ժամանակն անցնում է, այնքան ԼՂՀ-ն իր գոյության տարիներն է ավելացնում ու դիրքերն ամրապնդում...
-Համաձայն չեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունն արդյունքներ չի տվել: Տվել է, 15 տարվա զինադադարը դրա ուղղակի արդյունքն է, կան նաև այլ արդյունքներ: Տարեցտարի, եռանախագահների ջանքերի շնորհիվ, միջազգային տարբեր կառույցներում փաստաթղթեր են ընդունվում, որոնցում ազատագրված տարածքները դառնում են գրավյալ տարածքներ, որից հետո վերադարձի խնդիր է առաջ գալիս: Ադրբեջանն իր պահանջատիրությունը մեծացրեց, իսկ Հայաստանը որդեգրեց պաշտպանողական քաղաքականություն: 2004, թե 2005 թ. հունվարյան նստաշրջանում ԵԽԽՎ-ն մի փաստաթուղթ ընդունեց, որը Վարդան Օսկանյանը թղթի կտոր անվանեց, հետո այդ թղթի կտորը հիմք դարձավ մադրիդյան սկզբունքներին: Միջազգային որևէ հեղինակավոր կառույցի ընդունած փաստաթուղթ չի կարող թղթի կտոր լինել, հետագա տարիներին դառնում է այլ բանաձևերի, այլ որոշումների հիմնաքար: Դա մեզ համար բացասական հետևանք էր` դիվանագիտական բացթողում:
-Դուք ևս անհրաժե՞շտ եք համարում Լեռնային Ղարաբաղը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելը:
-Լեռնային Ղարաբաղն անկախ հանրապետություն է։ Մենք պետք է այս մեկնակետից սկսենք մեր քաղաքականությունը, իսկ այդ դեպքում բանակցողը միանշանակ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի: Հայաստանը ոչ թե հակամարտության կողմ է, այլ բանակցային կողմ: Սա գիտակցելու դեպքում Ղարաբաղը մեխանիկորեն դառնում է հակամարտող կողմ և բանակցությունների սեղանի շուրջ է վերադառնում:
-Ադրբեջանը կհամաձայնի՞ այդ ձևաչափին:
-Չի կարող չհամաձայնել: Ի՞նչ պիտի ասի:
-Կդադարեցնի բանակցություններն ու վերջ:
-Բանակցությունները դադարեցնելը հեշտ է, բայց այդ դեպքում պիտի աշխարհին բացատրի պատճառը: Մենք պետք է ունենանք Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ազգային ծրագիր` շենացնել տարածաշրջանը: Դա պիտի լինի համահայկական ծրագիր: Լեռնային Ղարաբաղ պետք է վերադառնան հատկապես վերջին տարիներին այնտեղից հեռացածները, աշխատատեղեր պետք է ստեղծվեն, տներ կառուցվեն ու երեխաներ ծնվեն: Հողը պահում է հողի վրա ապրողը: Դա նաև պատերազմի օրենքն է. որքան էլ օդից այդ տարածքը ռմբակոծես, քոնն է դառնում, երբ քո հետևակն է այնտեղ հաստատվում: Դա հազարամյակների ճշմարտություն է, մենք չենք հնարել` աշխարհի փորձն է:
-Հնարավոր համարո՞ւմ եք, որ 15-ամյա զինադադարից հետո Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվի ռազմական ճանապարհով: Ադրբեջանի նախագահը հարցի լուծումը տեսնում է տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում, Հայաստանի նախագահը կարևորում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ...
-Չեմ բացառում, բայց հավանականությունը մեծ չեմ համարում: Ալիևի այդօրինակ հայտարարությունները նախ` ներքին լսարանի համար են, 6-7 տարի է` նույնն է ասում, թող գար, էլի, ինչո՞ւ չի եկել, երկրորդ` նա փորձում է ճնշում գործադրել միջազգային կառույցների վրա, հատկապես եռանախագահների` եթե հարցը չլուծեք, տեսեք...
-...իմ ռազմական բյուջեն Հայաստանի ամբողջ բյուջեի չափ է, ես նավթ ունեմ, Հայաստանը իսկի ճանապարհ էլ չունի...
-Հա, եթե այդպես է, Ադրբեջանը ոչ միայն Հայաստանը, Վրաստանն էլ պիտի գրաված լիներ ու Հունաստանի ափերին հասած: Մինչև հիմա դա եղել է ընդամենը միջազգային հանրության վրա ճնշում գործադրելու միջոց, թե հետո ինչ կփոխվի, կերևա: Ես կարծում եմ` աշխարհը թույլ չի տա պատերազմել ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին: Այդ առումով, կարծում եմ, մեր դիվանագիտությունն այս հարցում շատ ավելի կառուցողական դիրքորոշում ունի, քան պատերազմից հոխորտացող ու ատելություն քարոզող ադրբեջանցի դիվանագետներն ու բարձրաստիճան պաշտոնյաները: Նրանք հետ են նայում, մենք` առաջ: ՈՒժեղը միշտ էլ առաջ է նայում: Ես համոզված եմ, որ Ադրբեջանի հասարակությունը շատ ավելի քիչ է պատրաստ պատերազմի, քան մերը: Այլ խնդիր է, որ մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի ու զգոնությունը երբեք չկորցնենք, մեր բազուկը զենքը վայր չպիտի դնի: Վազգենը միշտ ասում էր` «Ժողովուրդ, պատերազմը չի ավարտվել»:
-Ստացվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կայացում-չկայացումը, որն այսօր նշանակում է դիվանագիտական հարաբերությունների հաստատում ու միակողմանի փակված սահմանի բացում, Թուրքիան պայմանավորում է Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումով, որն այս ընթացքով դեռ երկար ժամանակ չի լուծվի, ուրեմն հայ-թուրքական հարաբերությունները մեռա՞ն...
-Գիտեք` վերջերս շատ են խոսում, որ Մոսկվայում ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվել, ես կարծում եմ, որ ոչ, որովհետև չէր կարող նման իրադարձությունը հետևանքներ չունենալ, իսկ հետևանքներից մեկը պիտի լիներ հայ-թուրքական հարաբերությունների աշխուժացումը: Ըստ թուրքերի վարած դիվանագիտության` քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հարցում որևէ առաջընթաց չկա, հայ-թուրքական հարաբերություններում ոչինչ չի փոխվի: Իսկ թուրքական կողմից առիթից առիթ հնչող հայտարարությունները, թե բանակցությունները շարունակվում են, առաջաքայլ է ակնկալվում, և այլն, և այլն, ուղղված են ոչ Հայաստանին, այլ ԵՄ-ին, ԱՄՆ-ին, արտաքին աշխարհին: Թուրքերը տարածաշրջանում բազմավեկտոր քաղաքականություն են վարում:
-Դուք կարծում եք, որ հայ և թուրք ժողովուրդները, երկու պետությունների հասարակությունները պատրա՞ստ են միմյանց հետ հարաբերվելու:
-Բարդ հարց է, հայ ժողովուրդը ցեղասպանության հետ կապված որևէ շոշափելի արդյունք չի տեսել, բացի տարբեր պետությունների կողմից ճանաչումը, գուցե Թուրքիայում սկսված մտավորականների շարժումը մի թեթև շարժեց սառույցը, հայերի գերակշիռ մասը, կարծում եմ, թուրքերի հետ հարաբերությունների անկեղծությանը չի հավատում:
-Եթե հայերի մեջ զոհի բարդույթն է զարգացել, ապա թուրքերի մեջ` մարդասպանի: Երկուսն էլ դժվար է հաղթահարել, հոգեբանական, բարոյական խնդիրները շատ ու շատ զգայուն են, ու զգացական հարթությունը կարող է գերիշխել: Ի՞նչ պիտի անեն իշխանությունները դա հաղթահարելու համար:
-Թուրքերն ասում են` պատերազմ էր, ու պետական շահն էր թելադրում այդ քայլերը, իհարկե, բառացի չեն ասում, պաշտոնապես չեն ասում, բայց իշխանամերձ աղբյուրները միաբերան պնդում են, որ ստեղծված իրավիճակում դա էր ելքը, այդ պատճառով էլ հասարակությանը չեն պատրաստում մարդասպանի ժառանգի բարդույթի հաղթահարմանը: Հայկական կողմը... եղած փաստն արձանագրվել է, ու արձանագրումը շարունակվում է: Եթե մենք Թուրքիայի հզորությունն ունենայինք, գուցե այլ քաղաքականություն վարեինք:
-1915 թ. մինչև այսօր հայկական կողմը չի ձևակերպել ցեղասպանության ճանաչում հասկացությունն ու պահանջատիրության բովանդակությունը: Մի պահ պատկերացրեք` Թուրքիան ընդունեց ցեղասպանության փաստը, հետո՞, շնորհակալությո՞ւն, որ ընդունում եք ձեր մարդասպան լինելը, լավ, որ զղջում եք, ներո՞ւմ ենք, արդեն հարևան ու բարեկա՞մ ենք... Այդպես չի լինում: Գուցե հայ-թուրքական հարաբերությունների հիմնական խնդիրը դա է` մենք չենք ձևակերպում, թե ի՞նչ ենք ուզում, նրանք չեն պարզել, թե ինչի՛ են պատրաստ: Երբ այդ ձևակերպումները լինեն ու համադրվեն, ինչ-որ որոշակիություն կլինի:
-Համաձայն եմ, բայց դրա առաջին քայլը պետք է լինի դիվանագիտական հարաբերությունների առկայությունը, որից հետ քննարկումները կսկսվեն: Ինձ համար, որպես Բասենի գավառի հայի, ընդունելի է այդ հողերի վերադարձը, ուր ես սիրով կգնամ ապրելու: Բայց ես հասկանում եմ այդ խնդրի բարդությունը, վերջապես` արդյո՞ք աշխարհը պատրաստ է վերաձևումների: Քաղաքականությունը հնարավորինի արվեստն է, ինչի՞ է հնարավոր բանակցություններով հասնել: Շուտով հարյուր տարին կբոլորի` մենք մեր ափին ենք կանգնած, նրանք` իրենց, առաջընթաց չկա: Այո՛, 70 տարի այդ մասին հնարավոր չէր խոսել, բայց անկախության վերահաստատումից հետո այդ հնարավորությունն ընձեռվել է: Միանշանակ պատասխաններ չկան: Թուրքիան ուզո՞ւմ է ապրել ցեղասպանի խարանով, թե՞ պիտի փորձի մաքրել: Մենք 21-րդ դարում ենք ապրում ու 22-րդ դար ենք գնում, ոչ թե 18-րդ կամ 19-րդ, Թուրքիան էլ գիտի, որ փոփոխություններն անհրաժեշտ ու անխուսափելի են:
-Այս հանգամանքներում ի՞նչ դիրքորոշում պիտի ունենա ընդդիմությունը:
-Ամենակարևորը` օր առաջ ազատվել այս իշխանություններից:
-Եվ ի՞նչ է դա տալու այս հարցերի լուծման առումով:
-Այս իշխանությունների առաջ բազում ներքին ու արտաքին մարտահրավերներ կան, օբյեկտիվորեն: Ես ընդունում ու գնահատում եմ այլակարծությունը, բայց խնդիրներ կան, որոնց շուրջ հասարակության գերակշիռ մասը պիտի նույն տեսակետն ունենա, նույն մոտեցումները, և դա իշխանությունը պիտի ձևավորի: Տեսե՞լ եք հասարակության համախմբումի որևէ անկեղծ ու շիտակ քայլ, բացի դատարկ հայտարարություններից: Նրանք ամբողջ հասարակությունը բաժանում են երկու մասի` մենք ու մերոնք և մնացածը, ժողովրդի գերակշիռ մասը փոփոխություններ է ուզում, ընդ որում` ոչ միայն նրանք, ովքեր ընդդիմության մեջ են ու ընդդիմության հետ են: Հայաստանում իշխանություն պետք է ձևավորվի ժողովրդի ընտրությամբ, ոչ թե իշխանության ինքնանշանակմամբ: Բոլոր այս խնդիրների լուծման բանալին ժողովրդավարական ընտրությունների կայացման մեջ է:
-Միա՞յն, իսկ արտաքի՞ն աշխարհը:
-Հայաստանը տարբերակ չունի, պիտի լինի ուժեղ երկիր, միջազգային կառույցների ու համաշխարհային քաղաքականության ձեռքին խաղալիք լինել մենք չենք կարող, մեր հարցերը մեր մայրաքաղաքում պիտի լուծվեն, տիզբոնների ժամանակն անցել է, մենք վերջապես պիտի գիտակցենք` ինչ է նշանակում անկախ պետություն` քաղաքականապես, տնտեսապես, ռազմական, պատմամշակութային առումներով: Մեր խնդիրները մեր հող ու ջրում պիտի լուծվեն, այդ լուծումն է միայն տևական:
-ՈՒ Դուք կարծում եք, որ եթե ընդդիմությունն իշխանության գա, այս հարցերի համալիրը լուծումներ կստանա՞:
-Այո՛, իհարկե, եթե ընդդիմությունը ժողովրդի քվեով իշխանության գա, այս բոլոր խնդիրների լուծումները տալու է: Ես կարծում եմ, որ դա ժամանակի խնդիր է:
-Մե՞ր կյանքում, թե՞ մեր ժառանգների:
-Մեր կյանքում, որ շարունակելու են մեր ժառանգները: Ընդդիմությունն այդ բոլոր խնդիրների լուծումները այսօր էլ ունի, կենսագործման համար պետք է իշխանություն ու ժամանակ:
-«Ժառանգությունը» դիմել է ինքն իրեն, ՀԱԿ-ին ու ՀՅԴ-ին` առաջարկելով համագործակցություն: Հնարավոր համարո՞ւմ եք ռեալ համագործակցությունը:
-Ռեալ համագործակցության հիմքը դժվարանում եմ գտնել: Հարցերի առումով տեսակետներն ավելի մոտ են իրար, քան պատասխանների: Իբրև «Հանրապետության» ու ՀԱԿ-ի անդամ, ես օր առաջ այս իշխանությունից ձերբազատվելով եմ խնդիրների լուծումները տեսնում, ՀՅԴ-ն այլ տեսակետ ունի, «Ժառանգությունը»` մի երրորդ: Այս պարագայում հետագա հարցերի քննարկումն առանձնապես հեռանկարային չեմ համարում:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1857

Մեկնաբանություններ